Վանաձորի մի խումբ ակտիվ երիտասարդներ նոր լուծում են առաջարկում, թե ինչպես կարելի է մարդկանց ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների նկատմամբ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Նրանք սկսել են Վանաձորի Լոռիի մարզային գրադարանի հարակից տարածքում գտնվող հին ու չօգտագործվող ավտոբուսը «ԷկոԲաս»-ի («ԷկոԱվտոբուս») վերածելու աշխատանքները. այն վերանորոգում են, ներկում եւ մեջը ծաղիկներ աճեցնում: Աշխատանքները տեղի են ունենում «ԷկոԲաս» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է սույն թվականի հուլիսի 18-ին եւ տեւելու է մինչեւ սեմպտեմբեր: Ծրագրի նպատակն է` չօգտագործվող տեխնիկային ու իրերին նոր տեսք հաղորդել, ինչի արդյունքում բնակիչների եւ զբոսաշրջիկների համար կստեղծվեն նոր եւ գեղեցիկ էկո-ժամանցի կենտրոններ: «Ծրագիրը կոգեշնչի քաղաքի բնակչությանը ուշադրություն դարձնել էկոլոգիական խնդիրներին եւ ստեղծել ավելի շատ կանաչ տարածքներ»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ, ՀՊՏՀ ուսանող Արեւիկ Չարչյանը` նշելով, որ «ԷկոԲաս»-ի գաղափարը առաջացել է «Միացյալ քաղաքացիական կրթության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «ԷլոԼաբ» սեմինարի արդյունքում:
Նախաձեռնությունն իրականացվում է «Միացյալ քաղաքացիական կրթություն» ծրագրի ազգային «ԷկոԼաբ» ծրագրի շրջանակներում, որի ֆինանսական աջակիցներն են Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Robert Bosch հիմնադրամը եւ Գալուստ Գուլբենկյանի հիմնադրամը, ինչպես նաեւ «Միացյալ քաղաքացիական կրթության» հայաստանյան գործընկեր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը:


Լուսանկարները՝ Facebook սոցիալական ցանցից





























