Այս պահին, Երեւանի Սայաթ Նովա փողոցի վրա գտնվող «Լեւոն Թրավել» ընկերությանը հարակից բակում լարված իրավիճակ է. այդ տարածքի մի քանի շենքերի բնակիչները նստել են ասֆալտին եւ թույլ չեն տալիս, որպեսզի իրենց բակի տարածք մտնի ծանր տեխնիկան եւ շինարարական աշխատանքներ սկսի:
Կառուցապատողները փորձում են, բնակիչների վրա ճնշում գործադրելով, մտնել եւ քանդել բակի կաթսայատունը՝ բարձրահարկ շենքի շինարարություն սկսելու համար։
Շենքի բնակիչներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս պահին բակը լիքն է ոստիկաններով եւ բնակիչներով եւ ամեն վայրկյան կարող են բախումներ սկսվել:
«Բակում գտնվող 80 քմ տարածքով կաթսայատան չորս կողմը բարձրահարկ շենքեր են, իսկ հիմա ուզում են հիմք փորել ու 6-7 հարկանի շինություն, հյուրանոց կառուցել: Նույնիսկ ճանապարհ չեն թողնում, որ անհրաժեշտության դեպքում «Շտապօգնության» մեքենան բակ մտնի: Եթե սկսեն նոր շինության հիմք փորել, դա կվտանգի մեր շենքերի անվտանգությունը, քանի որ բնակելի շենքերը շատ մոտ են»,-ասաց բնակիչներից Գոհարը՝ հավելելով, որ կառուցապատողն ինչ-որ արտասահմանյան ընկերություն է: «Տարածքն աճուրդի են դրել, մենք այդ մասին չենք էլ իմացել»,-ասաց նա ու հավելեց. «Այս պահին ոստիկանությունը եկել է, բնակիչները թույլ չեն տալիս շինարարություն սկսել, լարված իրավիճակ է»,-ընդգծեց տիկին Գոհարը:





























