Երեւանում վերջին օրերին սկսված շարժումը ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության նիստից առաջ: Նրա խոսքով՝ որոշ կուսակցություններ ցանկանում են օգտվել առիթից, սակայն բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է: «Շարժումն ունի սոցիալական բնույթ՝ համերաշխության, արդարության հասկանալի մղումներ են առաջնորդում երիտասարդներին: Հայաստանում ձեւավորվում են քաղաքացիական հասարակության ուժեր, եւ դա պարտավոր ենք հաշվի առնել պետական որոշումներ կայացնելիս»,- ասաց Տ. Սարգսյանը:
Սակայն, նրա խոսքով, ժողովրդավարության եւ պետականաշինության տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը եւ անկախությունը նույնպես մեծ նշանակություն ունի, իսկ ներքաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխությունը ամբողջովին Երեւանի քաղաքապետարանի իրավասության ներքո է: «Սակայն պարտավոր ենք խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:
Նա կոչ արեց կառավարության անդամներին՝ հասարակության լայն զանգվածներին վերաբերող որոշումները կայացնել հասարակության հետ քննարկումներից հետո:





























