Միջմարզային եւ միջքաղաքային երթուղիներում կարող են լինել «մինիմալ» թանկացումներ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ առկա են այդպիսի 170 երթուղիներ, որոնցից թանկացում հնարավոր է 7-ում կամ 8-ում: Ընդ որում՝ այդ թանկացումները կլինեն 10-12%-ի շրջանակում: Գ. Բեգլարյանի մեկնաբանմամբ՝ այդ երթուղիների սեփականատերերը մրցույթում ավելի բարձր գին էին առաջարկել, սակայն այնուհետ համաձայնել են աշխատել ցածր սակագնով: Հիմա այդ երթուղիների տերերի հետ բանակցություններ են ընթանում՝ սակագների վերանայման շուրջ:

Նշենք, որ Գ. Բեգլարյանը հրաժարվեց պատասխանել Երեւանում տրանսպորտի ուղեվարձին վերաբերող հարցերին՝ պատճառաբանելով, որ դա քաղաքապետարանի իրավասության հարց է: