Երեւանում, այսօր՝ հուլիսի 25-ին, 3-րդ համարի երթուղայինի վարորդը (համարանիշը՝ 2473 S) 100 դրամանոցը շպրտել է «Ampiray» ռոք խմբի անդամ Գիսանե Պալյանի ուղղությամբ:

NEWS.am-ի հետ զրույցում Գիսանե Պալյանն ասաց, որ ինքը արդեն մի քանի օր է երթեւեկում է տրանսպորտով եւ վճարում 100 դրամ: «Ուղեվարձի այս թանկացումն առաջին հերթին ժողովրդին է վերաբերում եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այդ թանկացմանը, նա կարող է պարզապես չվճարել, չենթարկվել որոշմանը:

Քանի որ հիմա մեր մեքենան անսարք է, ես տրանսպորտով կամ տաքսիով եմ երթեւեկում: Մի քանի անգամ վճարել եմ 100 դրամ եւ վարորդները որեւէ մեկնաբանություն չեն արել: Անգամ սրահում ուղեւորների հետ պայմանավորվել ենք, որ բոլորս պիտի վճարենք 100 դրամ: Սա առաջին դեպքն է, որ նման կոպիտ արձագանքի արժանացա»,-ասաց նա:

«Վարորդն ուղղակի 100 դրամանոցը շպրտեց ինձ վրա: Ես շոկի մեջ էի: Ես հասկանում եմ, որ վարորդների հոգեբանական վիճակն էլ է հիմա բավականին ծանր, որովհետեւ իրենք այնպիսի պայմաններում են, որ շատ դժվար է գործադուլի գնալ, երբ դու կախված ես ամեն օրվա քո աշխատավարձից: Բայց ժողովուրդն էլ նույն վիճակում է, եւ եթե մի բան արվում է, ընդհանուրի համար է արվում, նաեւ վարորդների համար, որովհետեւ իրենք էլ ստրուկի կարգավիճակով են աշխատում»,-ընդգծեց Պալյանը՝ հավելելով, որ շարունակելու է իր քաղաքացիական պայքարը:

«Ինձ ուրախացնում է, որ Աջափնյակն ու 15-րդ թաղամասում եւս երեկ տեսա ակտիվիստների, որոնք բաժանում էին «Վճարում ենք 100 դրամ» թերթիկները»,-ասաց նա:

Հարցին, թե Ձեր կանխատեսմամբ պայքարն արդյունք կունենա՞, «Ampiray»-ի անդամը պատասխանեց. «Ցանկացած պայքար արդյունք կարող է ունենալ, որովհետեւ հասարակական ճնշումն է այստեղ ամենակարեւորը: Եթե շարժումը շարունակվի ու ընդլայնվի, իսկ ես այդ միտումը տեսնում եմ, վստահ եմ, որ ինչ-որ տեղաշարժ կլինի: Ուրախալի է նաեւ այն, որ հասարակության մեջ ինքնագիտակցության զարթոնք է տեղի ունենում: Էնքան անտարբեր բաներ կան մեր կողքին, որ այս ակտիվությունը մեծ հոգեբանական առաջընթաց է: Այն, որ հայտնի մարդիկ են միացել այս շարժմանը, մի այլ երանգ է տալիս պայքարին: Մարդիկ տեսնում են, որ միայն հասարակ մարդիկ չեն իրենց վրա կրում այս թանկացումները ու ավելի հեշտ են դուրս գալիս պայքարի՝ տեսնելով որ միայնակ չեն»: