Հուսով եմ՝ Free car ակցիայի մասնակից դերասանները դերասանություն չեն անում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարն ասաց, որ հասարակական տրանսպորտից հազվադեպ է օգտվում՝ նախընտրում է քայլել: «Սակագների բարձրացման որոշումը քաղաքապետին հեշտ չի տրվել: Եթե սակագինը բարձրացվում է, որ որոշ մարդիկ հարստանան՝ ապա կառավարության ցանկացած անդամ դրան դեմ է»,- ասաց արդարադատության նախարարը, սակայն հավելեց, որ տրանսպորտի վիճակը Երեւանում ավելի վատ է, քան մյուս ենթակառուցվածքներինը:
Հ. Թովմասյանի կարծիքով՝ 100 դրամ սակագինը ապահովում է շահույթ, սակայն մարդկանց «իրար գիրկ նստելու» հաշվին: Բացի այդ, ըստ նախարարի, հաճախակի են վթարները երթուղայինների մասնակցությամբ, քանի որ անվադողերը փոխում են 120 հազ. կմ քշելուց հետո՝ 60 հազարի փոխարեն, կամ արգելակման կոճղակները չեն դիմանում գերբեռնվածությանը:





























