Այս տարվա առաջին կիսայակում Երեւանի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին եւ շինությունների պատերին հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:
Արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության եւ Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երեւան այցելողներին հայերենից զատ հուշում է նաեւ անգլերենով:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաեւ ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրքիր, այլեւ կարեւոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:
Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձեւավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:
Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում եւս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային եւ երկաթե նստարան: Տեղադրվել է նաեւ 200 աղբաման:




























