Հայերը հակված են հետարձակուրդային սթրեսի: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ի մամուլի ասուլիսում, հայտնել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Ըստ նրա՝ այդ առանձնահատկությունը բխում է ազգային մտածելակերպից: Ընդ որում, հետարձակուրդային սթրեսը ցայտուն դրսեւորվում է տղամարդկանց մոտ:
«Հայերը սովորաբար անդադար աշխատում են ՝ մինչեւ գերհոգնելը: Իսկ հանգստից հետո երկրորդ խնդիրն է ծագում՝ հետարձակուրդային սթրեսը: Որպես կանոն՝ հանգստից հետո սկզբնական շրջանում աշխատունակությունը նվազում է 30%-ով, մտավոր աշխուժությունը՝ 20%-ով», – նշել է հոգեբանը: Ըստ նրա՝ խնդիրը լուծելուն կօգնի աշխատանքը սկսելուց մեկ-երկու օր առաջ տուն վերադառնալը: Նա նաեւ կարծում է, որ ավելի ճիշտ է հանգստանալ ոչ թե տարվա մեջ մեկ ամիս, այլ երկու անգամ՝ 10-14 օրով: «Մյուս կողմից գործատուներն էլ, սեփական շահերից ելնելով, չպետք է արձակուրդից հետո ծանրաբեռնեն աշխատողներին», – հավելել է Մադաթյանը:





























