Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի եւ մարդասիրական կարեւոր առաքելության համար. «Արդեն տասնյակ տարիներ դուք մարդասիրական գործունեություն եք իրականացնում Երեւանում։ Իմ եւ երեւանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու ձեր կառույցին՝ բարեգործական եւ անձնվեր աշխատանքի համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ եւս կլինի շարունակական:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։





























