Մոսկվան մտահոգված է այս օրերին Եգիպտոսում ստեղծված իրավիճակով, եւ կոչ է անում դադարել խրախուսել Եգիպտոսի քաղաքական ուժերի մի մասի գործողություններն ու փնովել մյուսներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մտահոգված ենք Եգիպտոսում տիրող իրավիճակով։ Խոսքն այն մասին է, որ պետք է այդ եւ արաբական մյուս երկրներում տիրող իրավիճակից դասեր քաղել։ Պետք է դադարել խրախուսել քաղաքական ուժերի մի մասին գործողություններն ու փնովել մյուսներին»,-ասել է նա։

Նա նշել է, որ ելնելով ժողովրդավարական սկզբունքներից, միջազգային հանրությունը պետք է խրախուսի, որ յուրաքանչյուր երկրում հակամարտության մեջ գտնվող ուժերը փոխզիջման գնան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եգիպտոսում չեն դադարում բողոքի ակցիաներն այն բանից հետո, ինչ հուլիսի 3–ին պաշտոնանկ է արվել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին։ Իշխանությունները Մուրսիին սատարող բողոքի ակցիաները համարում են ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթներ եւ հանձնարարել են ՆԳՆ-ին դրանց դադարեցմանն ուղղված միջոցներ ձեռնարկել։