Եմենի իշխանությունները հաղորդել են այն մասին, որ կարողացել են կանխել «Ալ-Կաիդայի» ծրագիրը՝ կապված երկրի գլխավոր նավահանգիստները գրավելու եւ նավթատարները պայթեցնելու հետ։ Մայրաքաղաք Սանայում անվտանգության միջոցներն ուժեղացվել են. առանցքային օբյեկտների շուրջ զրահատեխնիկա է տեղակայվել։

Եմենի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ալ-Կաիդան» ծրագրում էր պայթեցնել նավթատարներն ու իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաք, այդ թվում՝ հարավում տեղակայված մի քանի նավահանգիստներ։

Եմենի անվտանգության ծառայությունների անանուն աղբյուրը BBC-ին հաղորդել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում երկիր են ժամանել «Ալ-Կաիդայի» տասնյակ անդամներ՝ լայնազանգված հարձակում նախապատրաստելու նպատակով:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հետ էին կանչել Եմենում իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին եւ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկիրը։ New York Times-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները գաղտնազերծել էին հաղորդագրությունները, որոնք փոխանակել են ահաբեկիչների ղեկավարները։

Եմենի իշխանությունները հայտարարել են, որ հասկանում են արեւմտյան կառավարությունների մտահոգությունները, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունների փակվելը ծայրահեղ միջոց են համարում։