Սեզոնային աշխատանքներ կատարելու համար արտասահման մեկնող հայերի քանակը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով՝ կրկնակի կրճատվել է։ Այս մասին հունիսի 25-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիայի հարցերով գործակալության պետ Գագիկ Եգանյանը։ Իր խոսքերով, մինչեւ ճգնաժամը, արտասահմանում աշխատելու համար, հանրապետությունից տարեկան մեկնում էր միջին հաշվով մոտ 60-70 հազար մարդ:
Միգրացիայի հարցերով գործակալության պետը ասել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, արտագնա աշխատանքի մեկնածների կամ արտագաղթածների զանգվածային ներհոսք չի գրանցվել։ Այդ մարդիկ ճգնաժամի պայմաններում համաձայնվել են կատարել իրենց աշխատանքը ավելի ցածր վարձատրությամբ, կամ փոխել են գործի բնույթը։ Եգանյանը նշել է, որ միգրացիայի գործակալության պատվիրակությունը, Ռուսաստան արտագաղթող հայերին աջակցելու համար, արդեն իսկ երկու անգամ մեկնել է Մոսկվա։ «Ռուսաստանի իշխանություններին ձեռք չի տա, որ իրենց որակյալ, փորձառու աշխատողները հեռանան երկրից»,- ասել է նա։
Այն հարցին, թե որտե՞ղ պետք է աշխատեն 2008թվականին սոցիալական վիճակից դրդված գումար վաստակելու համար արտասահման մեկնել չկարողացած մարդիկ, Եգանյանը պատասխանել է,-" ամենայն հավանականությամբ, նրանք կլրացնեն անգործ մնացած մարդկանց շարքերը"։




























