Ռուսաստանցիների մեծամասնությունը (74 տոկոս) բացասաբար է վերաբերում եկվորներին: Ռուսաստանցիների միայն 14 տոկոսն է դրական գնահատում այդ երեւույթը, իսկ 11 տոկոսը չի հստակեցրել իր դիրքորոշումն այդ հարցում: Այսպիսի տվյալներ է ներկայացնում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

2006 թվականին մեծ թվով երկիր այցելողներին բացասաբար էր վերաբերվել հարցվածների 69 տոկոսը (դժգոհների թիվը աճել է 5 տոկոսով), դրական՝ 21 տոկոսը (նվազել է 7 տոկոսով), դժվարացել են պատասխանել 10 տոկոսը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այդ կապակցությամբ, ռուսաստանցիների կեսից ավելին (53 տոկոս) պահանջում են խստացնել ներգաղթի օրենքները: Այդ թիվն ավելացել է 13 տոկոսով՝ 2005-ի համեմատությամբ: Հարցվածների 10 տոկոսը կարծում է, որ ներգաղթն ամբողջությամբ պետք է դադարեցնել: Ներգաղթի ներկա քաղաքականությունից գոհ է ընդամենը 6 տոկոսը (8 տոկոսով պակաս 2005-ի ցուցանիշից):

Հարցվածների 57 տոկոսը հայտարարում է, որ օրենքները պետք է խստացնել ԱՊՀ երկրներից, հարավից ու հարավ-արեւելքից եկողների նկատմամբ: Դրան դեմ է ռուսաստանցիների 14 տոկոսը: 26 տոկոսն էլ կարծում է, որ օրենսդրությունը պետք է խստացնել նրանց նկատմամբ, որոնք ռուսերեն չեն խոսում եւ նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ չեն: