Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 5-ին, «գանգուղեղային վնասվածք հարցականով, ծոծրակի շրջանի սալջարդ վերք, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածք, վերին եւ ստորին շրթունքների պատռված վերք, կրծքավանդակի թիկնային մակերեսի բազմաթիվ քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Արմեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում պատի կողքին շարված մանրահատակների խուրձն իր վրա թափվելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւանյան փողոցի թիվ 38 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արմեն Ա.-ին ծեծի ենթարկել եւ  վնասվածքները պատճառել է 40-ամյա Տիգրան Բ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: