Լոռիի մարզի Թեղուտ գյուղի բնակիչները կրկին ահազանգել են կապված «Վալլեքս» ընկերության գործունեության հետ, որը, ինչպես հայտնի է, ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը:
Այս առնչությամբ, Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությունում նշվում է.
«Ըստ գյուղացիների ահազանգի եւ ներկայացրած լուսանկարների` հանքի շահագործման հետեւանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթեւեկող մարդատար եւ բեռնատար մեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում ընկերության կողմից, բարձրանում են փոշու հսկայական ամպեր: Փոշին տարածվում է գյուղի եւ նրա շրջակայքի վրա` առաջացնելով լուրջ խնդիրներ մարդկանց համար: «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը» - նշում են թեղուտցիները:
Ընդ որում` Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երեւույթներից միայն մեկն է: Այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործվելու դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու: Իսկ «Վալլեքս» ընկերությունը, ինչպես եւ մյուս բոլոր հանքարդյունաբերողները, հերթական անգամ իրենց գործունեությամբ փաստում են, որ հանքի շահագործումից առաջ տրված խոստումներն ու հավաստիացումները, թե հանքը միայն եւ միայն բարիք է համայնքների բնակիչների համար, դատարկ ու փուչ են»:




























