Թեեւ կառավարությունն արմատական փոփոխություններ է կատարել կենսաթոշակներների վճարման ոլորտում, սակայն դեռեւս նկատվում է ներքին դիմադրություն այս նոր համակարգի ներդրման նկատմամբ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքացիների կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդրին:
«Խնդիրներ եղան թոշակները ստանալու հետ կապված, քանի որ ցուցակները ժամանակին տեղ չէին հասել: Ես հանձնարարել եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաեւ վարչապետի վերահսկողության ծառայությանը քննություն կատարել:
Առաջին անգամ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա, եւ շատ մարդկանց դա դուր չի գալիս եւ փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաեւ թղթային տարբերակով թոշակներ նշանակվեն եւ վճարվեն», - ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին թղթի ձեւակերպումների ժամանակ, երբ ամբողջական վերահսկողությունն իրականացնելը դառնում է չափազանց դժվար:
«Կան մարդիկ, որոնք դեռեւս փորձում են որոշակի մեթոդներով անօրինական փող վաստակել: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից եւ սեպտեմբերին մենք հրապարակայնորեն կներկայացնենք, թե ինչպիսի չարաշահումներ են առկա եղել համակարգում», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը:





























