Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը մոտ մեկ շաբաթ է` դուրս է գրվել հիվանդանոցից եւ գտնվում է տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Գուժ Մանուկյանը:
Նա նշեց, որ մի քիչ թուլություն ունի, մեկ ամիս է` գրեթե ոչինչ չի կերել եւ քաշը 90 կգ-ից դարձել է 68 կգ: «Քայլում եմ, դուրս եմ գալիս այգի: Սննդից է կախված, պետք է կարողանամ ամուր ոտքերիս վրա կանգնել: Գրեթե ոչ կարող էի ուտել, ոչ խմել, զզվում էի ամեն ինչից, հիմա կամաց-կամաց սկսել եմ սնվել»,-ասաց Գուժ Մանուկյանը:
Նա պատմեց, որ թերեւս սննդային թունավորումների հետեւանքով էր պարանոցի շրջանում կիստոզ գոյացություն առաջացել, լավ չէր զգում իրեն, իսկ վերջնականապես վատացավ, երբ «ռակ» կերավ: «Ջերմությունս չէր իջնում, Գալյա Նովենցի գրքի շնորհանդեսին գնացի, արդեն վատ էի զգում, մյուս օրը նկարահանում 12 ժամ, հետո գնացի չարաբաստիկ ռակ ուտելու, փլվեցի միանգամից, խփեց միչեւ 42 աստիճան ջերմություն, կոմայի մեջ էի ընկել, 4 հատ սկորի եկավ, վերջինն ասաց` տեղափոխենք վերակենդանացում, սկսեցին կաթիլայինով ինձ հետ բերել, շատ վատ, ահավոր վիճակում են ինձ տեղափոխել հիվանդանոցում, ոչինչ չէի հիշում, հարցերին չէի պատասխանում: Մոտ 50 կաթիլային եմ ընդունել, չէի կարողանում, գլյուկոզայի էին տալիս, կոկորդս էլ ուռել էր, օպերացիա արեցին»,-ասաց դերասանը:
Գուժ Մանուկյանն այժմ ցանկանում է Երեւանին մոտ որեւէ հանգստավայր գնալ, մի քիչ հանգստանալ եւ մոտավորապես 10 օրից կվերադառնա ստեղծագործական կյանք, կշարունակի մասնակցել սերիալի նկարահանումներին, իսկ թատրոնում օգոստոսին դերասանները գտնվում են արձակուրդում, սեպտեմբերին էլ կխնդրի իր մասնակցությամբ ներկայացում չդնել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանը հուլիսի 16-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա հիվանդանոց էր տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը: Գուժ Մանուկյանին էին այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:




























