Կառավարությունը, այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում, հավանություն է տվել Հայաստանի Վերականգնման վարկերի բանկի միջեւ ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնմանը:

Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խմ ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվել էր 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի եւ ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ:

Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչեւ ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ նույն բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլի» շրջանակում մատուցվելիքի փորձագիտական ծառայությունների համար 505 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարման պայմանագրերն ավարտվելու են 2013թ.-ին` սույն ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ` 2013թ. հետո կիրառվելիք մասնավոր համագործակցության գործընկերության պայմանագրերի նախակնքման եւ մասնավոր օպերատորի հետ բանակցության աջակցման նպատակով:

Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է հաշվետվությունների ուսումնասիրության բաժին, որի նպատակն է առավել արդյունավետ կազմակերպել նախարարության գործառույթները: