Մեղրիում, հուլիսի 20-ին կնոջը` 29-ամյա Նելի Ա.-ի, սպանության մեջ մեղադրվող 34-ամյա Միխայել Վ.-ն գտնվում է «Գորիս» ՔԿՀ-ում, իսկ նրա չորս երեխաներն իր քրոջ խնամքին են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով` նախաքննությունն ընթացքի մեջ է, գործի շրջանակներում դեռեւս մեկ մեղադրյալ կա: Միխայել Վ-ն պատմել է, որ կնոջն սպանել է անձնական խնդիրների պատճառով: Նա նշել է, թե կինը խոհարար էր աշխատում առավոտյան ժամը 9-ից մինչեւ գիշերվա 01.00-ն եւ երեխաներին անուշադրության էր մատնում: Ամուսինը դեմ էր կնոջ` նման գրաֆիկով աշխատանքին եւ անընդհատ նրան ասում էր, թե դուրս արի աշխատանքից, երեխաներով զբաղվի:
Միխայել Վ-ն նաեւ ասել է, որ զղջում է արածի համար, հիշում է կնոջը հասցրած դանակի միայն առաջին հարվածը, դրանից հետո ոչինչ չի հիշում, այնինչ տղամարդն ավելի քան 15 հարված է հասցրել կնոջը: Ի դեպ, մահացածի հարազատները հնարավորություն չունեն երեխաներին պահելու եւ եթե տղամարդու քույրն էլ նրանց չպահի, ապա նրանք կմնան պետական հոգածության ներքո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիում ողբերգական դեպք է գրանցվել. ոստիկանության տեղեկություններով՝ 34-ամյա Միխայել Վ.-ն սպանել է կնոջը` 29-ամյա Նելի Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նելլի Ա-ն մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել եւ նրան սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:
Նույն օրը, ժամը 01.30-ին, Միխայել Վ.-ն ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ ընտանեկան հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում սպանել է կնոջը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Միխայել Վ.-ն ձերբակալվել, ապա կալանավորվել է:





























