Երեւանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց 67Ա երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ի վարորդ, 33-ամյա Ալեքսան Ղազարյանին դանակահարած տղամարդը դեռ չի հայտնաբերվել, իսկ Ալեքսան Ղազարյանը ոստիկանական բաժանմունքում գրել է, որ բողոքներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Ալեքսան Ղազարյանը:

«Մնացածը թողնում եմ իրենց ինչ ուզում են, թող անեն: Ամեն մարդ իր խղճի առաջ պետք է հանգիստ լինի»,-նշեց վարորդը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ վիրահատության կարերը արդեն քանդել են եւ մի քանի օրից կանցնի աշխատանքի: Ի դեպ, Ալեքսան Ղազարյանը նշեց, որ օգոստոսի 18-ին մատաղ է անելու դանակահարությունից փրկվելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ NEWS.am-ին հայտնի էր դարձել Երեւանի «Ռոսիա» տոնավաճառի դիմաց դանակահարված վարորդի ինքնությունը: Նա 33-ամյա Ալեքսան Ղազարյանն է, ում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինքը՝  վարորդը, վիրահատությունից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր դիմադրության արդյունքում է, որ դանակի հարվածը թեւն է վնասել, հակառակ դեպքում ավելի լուրջ վնասվածք կստանար:

Վարորդը պատմել էր, որ այդ ուղեւորը երթուղային է մտել Մալաթիա տոնավաճառի մոտից եւ զգացվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է: Արդեն ավտոկայանի մոտ ասել է, որ 50 դրամը չի տալու: «Ասացի՝ մի տուր, քեզանից ո՞վ է 50 դրամ ուզել, որ մի հատ էլ տաս կամ չտաս: Ուզում ես տուր, ուզում ես վաբշե մի տուր: Դե խմած էր շարունակեց ու վերածեց կռվի: Ես պահանջեցի, որ իջնի, որովհետեւ անիմաստ տեղն էր կռիվ անում: Ասում էի մեքենայի մեջ կին կա, հաճելի չի»,- պատմել էր վարորդը՝ հավելելով, որ իրեն դանակահարող ուղեւորը պետք է «Վստրեչ»-ի կամուրջի մոտ իջներ, բայց դանակահարելուց հետո նոր միայն «Այրարատ» կինոթատրոնի  կանգառից է փախել: Երբ Ալեքսան Ղազարյանը նկատել է, որ ուղեւորը դանակ է հանել, մի կողմ է քաշվել եւ փորձել է պաշտպանվել, սակայն ամեն դեպքում խորը հարված ստացել է, բայց թեւի շրջանում: Այդ պահին ուղեւորներն են օգնել, որ հասնի հիվանդանոց: