Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը  «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն  Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ հետեւել է մայրաքաղաքում կառուցվող նոր ջրագծերի, ջրահեռացման համակարգի ընդլայնման եւ անձրեւորսիչների տեղադրման աշխատանքներին: Մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ամբողջ երկարությունը 253 կիլոմետր է:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ցանցն ամբողջապես սպասարկվում է «Երեւան Ջուր» ընկերության կողմից, սակայն ոչ բոլոր փողոցներն են ապահովված ջրահեռացման համակարգերով: Թեեւ ցանցն ընդհանուր առմամբ բավարարում է առկա պահանջներին, այդուհանդերձ առանձին հատվածներում առատ տեղումների ժամանակ ժամանակավոր որոշ դժվարություններ են առաջանում: Խնդրին աստիճանական լուծում տալու համար Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան Ջուր» ընկերությունը լայնածավալ աշխատանքներ են իրականացնում:

Կամո Արեյանը եղել է  քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվող 30 փողոցներից մի քանիսում, ուր, մինչ կապիտալ ասֆալտապատումը կկառուցվեն լրացուցիչ անձրեւատար  համակարգեր: Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ: Հալաբյան փողոցում, մասնավորապես, անցկացվում է ջրատար նոր համակարգ, իրականացվում են նոր դիտահորերի եւ անձրեւընդունիչների  տեղադրման աշխատանքներ: Անձրեւաջրերի կուտակման առումով խնդրահարույց հատվածներից մեկը Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց հանգույցն էր: Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, որի միջոցով կուտակված ջուրը կմղվի ջրահեռացման համակարգ: Հալաբյան փողոցի Կիեւյան փողոցին հարող հատվածում կավելանա անձրեւորսիչների թիվը: Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը նաեւ կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կապված ինչպես աշխատանքների որակի, այնպես էլ ժամանակացույցի հետ: Լենինգրադյան,Գյուրջյան, Գլինկայի եւ խնդրահարույց եւս 9 փողոցներում  անձրեւաջրերի կուտակման սպառնալիքը վերացել է 2011-2012 թվականներին Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւան Ջուր» ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված 2.2 կմ երկարությամբ ջրահեռացման նոր համակարգ անցկացնելու արդյունքում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, «Երեւան Ջուր» ընկերության հետ կազմվել է վերակառուցման եւ հեղեղատար նոր համակարգի կառուցման համաքաղաքային ծրագիր, որում ներառվել են 74 փողոցներ: Ծրագրի լիարժեք իրականացման համար կպահանջվի շուրջ 2.2 միլիարդ դրամի ներդրում:  Աշխատանքներ նախ կիրականացվեն հրատապ լուծում պահանջող փողոցներում: 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս թվով 33  փողոցներում վերակառուցվել է շուրջ 850 գծամետր հեղեղատար համակարգ: Գույքագրվել են նաեւ 22 փողոցներ, որոնցում դիտահորերի նիշային մակարդակը չի բավարարում ջրահեռացումն ամբողջ ծավալով կատարելու համար: Պատասխանատուների խոսքով  կխստացվի նաեւ վարչարարությունը , որպեսզի բնակիչներն ու տնտեսվարողները  ապօրինի գործողություններով չկարողանան խոչընդոտել ջրահեռացման համակարգերի բնականոն աշխատանքին:   Ջրահեռացման նոր համակարգերի կառուցման, վերակառուցման  եւ անձրեւորսիչների  տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաեւ 2014 թվականին: