Ադրբեջանական կողմը օգտագործում է թվերը, որպեսզի ընդգծի իր ռազմական ներուժը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Իհարկե, թվերը, որոնք վկայում են երկու երկրների միջեւ (ռուս-ադրբեջանական-խմբ) ռազմատեխնիկական համագործակցության աճի մասին, կարեւոր են, սակայն դրանք ամենակարեւոր գործոնը չեն հակամարտությունների ժամանակ, հատկապես Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ներկայումս Հայաստանը դիտարկում է որպես թիվ մեկ թշնամի:
Ինչ վերաբերում է Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ասուլիսին, որի ընթացքում, Արցախի վերաբերյալ հայտարարություններ հնչեցին, Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ոչ մի նոր բան չի ասվել:
«Միակ ինտրիգն այն էր, որ Պուտինն Ադրբեջանում կայացած ասուլիսում սովորական դարձած հայտարարություն արեց»,-ընդգծեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում Իլհամ Ալիեւը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է չորս միլիարդ դոլարի եւ այդ թիվն աճելու միտում ունի:




























