Հուլիսի 1-ից կիրառության մեջ մտած նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներն ունեն մի շարք առավելություններ, մասնավորապես դրանք բացառում են ծրագրային միջամտությունները եւ այդ կերպ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու հնարավորությունները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսում նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ հիշեցնելով, որ այդ ՀԴՄ-ները նախատեսված են տարեկան 500 միլիոն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար:
Նրա խոսքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ հարկ վճարողների համար կրճատվում է 12 հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՀԴՄ-ն ավտոմատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար տրամադրում է համապատասխան տեղեկատվություն:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաեւ քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու եւ ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու եւ այլ հնարավորություններով:
Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման առանձնահատկություններից է նաեւ այն, որ ՀԴՄ-ները շահումներն իրականացնում են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների կամ բջջային հեռախոսների մասին հաճելի լուրը ստանալ գնում կատարելուց հետո անմիջապես:
Նշենք, որ վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում տրամադրվում են երկու տեսակի ՀԴՄ կտրոններ՝ դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն՝ հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոններ եւ դիմերեսի վրա տպագրած ութ կամայական թվերի համակցություն՝ վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող ՀԴՄ կտրոններ: Դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող ՀԴՄ կտրոնները 2013թ. օգոստոսից 1-ից նույնպես մասնակցում են յուրաքանչյուր ամիս անցկացվող վիճակահանությանը, որն անցկացվում է կտրոնների տրամադրմանը նախորդող ամիս եւ դրանց շահումները հնարավոր է ստուգել կտրոնի տրամադրման պահից սկսած: Իսկ շահելու հանգամանքը պարզելու համար՝ այս տեսակի ՀԴՄ կտրոն ստացող անձը պետք է համեմատի կտրոնի ստորին մասում նշված՝ «վիճակահան. համար» եւ անմիջապես նրա տակ նշված «ֆիսկալ համար» գրառումների դիմաց նշված թվերը: «Ֆիսկալ համար» գրառման դիմաց նշված թվի նիշերը առաջին նիշից սկսած «վիճակահանության համար» գրառման դիմաց նշված թվի նիշերին առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 8 կամ 7 նիշերի հետ համընկնելու դեպքում կտրոն տիրապետող անձին որպես պարգեւավճար տրամադրվում է մեկ ավտոմեքենա, իսկ նույն կերպ 6 կամ 5 նիշերի համընկնման դեպքում՝ մեկ բջջային հեռախոս: Ընդ որում, թվերի համընկնման դեպքում կտրոնի վրա անպայման տպվում է նաեւ «դուք շահել եք» արտահայտությունը: Ի դեպ, նոր կտրոններով շահումները քաղաքացիները կարող են նաեւ առցանց ստուգել հարկային ծառայության կայքէջում:
Շահած կտրոններ տիրապետող անձինք շահելու օրվանից սկսած մինչեւ հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը՝ օգոստոսին տրամադրված կտրոններով շահումը ձեւակերպելու համար՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը շահած կտրոնով եւ անձնագրով պետք է ներկայանան ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ: Դարձերեսին հատուկ համարներով ՀԴՄ կտրոնների համար վիճակահանությունը շարունակվելու է անցկացվել գործող կարգով՝ մինչեւ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների համատարած կիրառման ժամկետը՝ 2015թ. հունվարի 1-ը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀԴՄ կտրոններով տրամադրվող պարգեւավճարների հիմնադրամը (15 ավտոմեքենա եւ 500 բջջային հեռախոս) բաժանվելու է հետեւյալ համամասնությամբ՝ դարձերեսին հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոններով շահած անձանց՝ 10 ավտոմեքենա եւ 400 բջջային հեռախոս, իսկ դիմերեսին վիճակահանությանը մասնակցող թիվ պարունակող ՀԴՄ կտրոններով շահած անձանց կտրամադրվի 5 ավտոմենքենա եւ 100 բջջային հեռախոս:





























