«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրն, այսօր՝ օգոստոսի 14-ին, եղել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով շուրջ 2 ժամ զրուցել է հավաքի մասնակիցների հետ:

Երիտասարդներին հետաքրքրում էր բուհերում ուսման վարձերի թանկացման խնդիրը։ Նախարարն ընդգծել է, որ ոչ ոք լավ կյանքից թանկացումների չի գնում։ Ո՜չ բուհերը, որ կայացրել են այս որոշումները, ո՜չ կրթության ոլորտի լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ուրախ չեն եւ չեն կարող ողջունել, որ ուսման վարձ է բարձրանում։ Ըստ Աշոտյանի՝ այս համատեքստում պետք է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր կլինի ուժեղացնել պետության աջակցությունը սոցիալապես անապահով ուսանողներին։ Ուսանողները միշտ եղել են խոցելի խավ, եւ այսօր թիվ մեկ հարցն այն է, թե ում եւ ինչպես օգնել, որպեսզի ուսման վարձերի թանկացումները չազդեն կրթության մատչելիության վրա։

Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ՀՀ նախագահը հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաձայնել է մի բանաձեւ, որին մենք առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հասնենք. ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից վարձը չմուծելու պատճառով, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից։ «Այս լրջագույն նպատակին հասնելու համար արդեն իսկ կա 2 հստակ ծրագիր, որոնք ընթացքի մեջ կդրվեն սեպտեմբերի 1-ից։ Մասնավորապես, «Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես ամենաանապահով ընտանիքների երեխաների համար պետությունը 50-100 տոկոսանոց զեղչեր է նախատեսում։ Այդ ծրագիրը տարածվելու է մոտ 2,5 հազար ուսանողների վրա։ Երկրորդ թիրախը միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն են, ում վճարունակությունը թույլ կտա վերցնել արտոնյալ ուսանողական վարկեր։ Դրանք տրվում են ավելի երկար ժամկետով, ավելի ցածր տոկոսադրույքով,  պետությունը գերազանց առաջադիմություն ունեցողների համար փոխհատուցում է վարկի 3 տոկոսը, իսկ լավ առաջադիմություն ունեցողների համար՝ 2 տոկոսը»,- ասել է ԿԳ նախարարը։

Անդրադառնալով ուսանողական զեղչերի համակարգին, նա տեղեկացրել է, որ օրինագիծ է նախապատրաստվել, որտեղ հստակ թվարկված են բոլոր այն խավերը, որոնց պետությունը երաշխավորում է ուսման զեղչ 20-50 տոկոսի սահմաններում։ «Մենք օրենքով ցանկանում ենք սահմանել ֆինանսական ծավալի այնպիսի շեմ, որով բուհը պարտավոր է լինելու ուսանողի վճարած գումարից վերադարձնել ուսանողներին՝ 1 եւ ավելի երեխա ունեցող մայրերին, հաշմանդամ ծնող ունեցողներին, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկներին, զոհված ազատամարտիկների երեխաներին եւ այլն»,- նշել է ԿԳ նախարարը։

Անդրադառնալով վերջին օրերին ուսման վարձի թանկացման շուրջ բողոքներին, Աշոտյանը նշել է, որ որոշ դրսեւորումներում քաղաքական ուղղորդումներ կան, եւ այդ հայտարարությունների հետեւում երեւում է որոշ մարդկանց ստվերը։ «Միայն առաջին կուրսեցու վրա է տարածվելու թանկացումը, եւ առաջին կուրսեցու կրթության մատչելիության խնդիրը նախեւառաջ պետության խնդիրն է, պարտքն ու հոգսը։ Ես վստահ եմ, որ ոչ մի գիտակից ուսանող թույլ չի տալու, որ ինչ-որ մեկը ձեռքեր տաքացնի իր ընտանեկան, սոցիալական պրոբլեմների վրա։ Վստահաբար պետությունը, կառավարությունն ավելի լուրջ գործընկեր են այս հարցում, քան ինչ-որ քաղաքական շրջանակներ, որոնք փորձում են միավորներ հավաքել մարդկանց դժվարությունների վրա։ Դա անթույլատրելի է»,-ասե է նա: