Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն անհանգստացած է լրատվամիջոցներում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականից հետո Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝  Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակի հրապարակմամբ:

Նախ նա տարակուսանք հայտնեց, որ Երուսաղեմի պատրիարքի` կաթողիկոսին հասցեագրված նամակը «չգիտես ինչու, նախքան հասցեատիրոջը հանձնվելը, հասարակության դատին հանձնվեց»: «Անշուշտ, ես ինձ իրավունք չեմ վերապահում այս պահին ներեկեղեցական հարաբերությունների մեջ մտնել, մանավանդ Սուրբ Գիրքն ասում է` «Մի դատիր, որ չդատվես», բայց ես հայ մարդ եմ, ունեմ իմ Մայր Աթոռը` Գրիգոր Լուսավորչի գահն է, եւ մտածում եմ, որ այդ աթոոի հետ կապված բոլոր խնդիրները, մանավանդ բարձրաստիճան հոգեւոր անձինք, հարկ է որ քննարկեն հենց եկեղեցու տիրույթում եւ ժամանակից շուտ մասնակից չդարձնեն անպատրաստ ու ոչ ամեն ինչից տեղյակ հասարակությանը: Որովհետեւ հոգեւոր կյանքի ներքին հոգսերի մասին խոսելիս առավելագույնս պետք է լինենք էթիկայի սահմաններում»,- նշեց Դավիթ Մուրադյանը:

Նրա խոսքով` «եկեղեցական կյանքը նույնպես կյանք է, իսկ կյանք եւ իդիլիա բառերը միշտ չէ, որ համարժեք են, այդ կյանքում նույնպես կարող են լինել խնդիրներ, բայց դրանք հապշտապ գնահատելը չի օգնում ոչ հասարակությանը, ոչ եկեղեցուն, ընդհակառակը` սասանում է եւ եկեղեցին, եւ հասարակությունը»:

«Եթե  նույնիսկ եկեղեցում կան խնդիրներ, անհաշտություններ, որը անհանգստացնող հանգամանք է, ապա կարծում եմ, որ բավականաչափ չենք գիտակցում այդ խնդիրները այսպես տարածելու եւ նաեւ այլոց, ընդ որում` ոչ բարեկամների սեփականությունը դարձնելու հետեւանքները: Եկեղեցին հոգեւոր անվտանգություն է, պետք է նկատի ունենալ նաեւ հայոց եկեղեցու միջազգային հեղինակությունը, ինչը Գարեգին Բ կաթողիկոսի օրոք բավականաչափ առաջընթաց է ապրել, ինչը շատ կարեւոր է հայ ժողովրդի շահերի տեսակետից, հատկապես` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- ասաց Դավիթ Մուրադյանը` վստահություն հայտնելով, որ եկեղեցին հնարավորություն կգտնի եւ բոլոր խնդիրները կհաղթահարի:

«Իմ խնդրանքն է՝ խորապես հարգելի հոգեւոր հայրերին, որպեսզի նրանք իրենց մտահոգությունները նախեւառաջ իրենց միջավայրում քննարկեն եւ լուծեն, եւ ի սկզբանե` հենց շեմից, մասնակից չդարձնեն հասարակությանը: Եկեղեցին իր իսկ ներսում կարող է լուծել խնդիրները: Այդ առումով վերջին նամակագրություն լավ տպավորություն չի թողնում` իմ ամբողջ հարգանքով հանդերձ դեպի այդ վաստակաշատ հոգեւորականները:  Ցավում եմ, որ միաբանության ներսում խնդիր քննարկելու համար ընտրեցին արտամիաբանական ճանապարհ»,- ասաց կինոգետը:

Ամփոփելով` Դավիթ Մուրադյանը հիշեց չինական կայսրերից մեկի  խորհրդականի խոսքը, թե «հարեւան երկիրը նվաճելու համար կարիք չկա զորք ուղարկել այնտեղ, եթե կարող եք, այնպես արեք, որ այդ երկրի բնակչությունը սկսի կասկածել իր արժեքներին, սրբություններին, հեղինակություններին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:

Ըստ այդմ, Նուրհան արքեպիսկոպոսը նաեւ մտահոգություն էր հայտնել, թե վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին: Դրան հետեւել էր Մայր Աթոռի արձագանքը, թե նամակը տարածվել է ոչ պաշտոնական խողովակներով, այն կասկած է հարուցում: