Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում ավարտվեց  Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ միաձայն որոշվել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի թեկնածությունը։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունն, ընդունելով Սյունիքի մարզային կառույցի առաջարկը, որոշեց առաջադրել Արմեն Կարապետյանի թեկնածությունը, ով կուսակցության Սյունիքի կառույցի խորհրդի անդամ է, Կապանի նախկին քաղաքապետ եւ կուսակցական է ավելի քան տասը տարի:

Շարմազանովը նշեց, որ այժմ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն փորձել իրենց շանսերը թիվ 38 ընտրատարածքում, որովհետեւ քաղաքականությամբ զբաղելու լավագույն միջոցը ընտրություններին մասնակցելն է։ ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտեց, որ իրենք բարձր են  գնահատում եւ կողջունեն ազատ մրցակցությունը եւ մասնակցությունը ընտրություններին։ «Յուրանքաչյուրը  ինքը պետք է որոշի մանսկցել կամ ոչ, բայց ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն ճիշտ կլինի մասնակցեն ընտրություններին, որովհետեւ բոյկոտից տուժում են մեծապես այն գործիչները եւ ուժերը, որոնց գնում են այդ ճանապարհով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Սյունիքում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազդեցության մասին տեղեկություններին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ  ազդեցությունը  ոչ քաղաքական, ոչ էլ իրավական կատեգորիա է, այլ հոգեբանական, «Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է,  եւ նա կարող է պատվով իրականացնել իր վրա դրված պարտականությունները»։

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից  25-ն ընկած ժամանակահատվածում:  Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել է ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել է այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ, թեկնածու կառաջադրեն, սակայն այդ հարցը կքննարկեն օրերս: Իսկ ԲՀԿ-ն, մեր տեղեկություններով, թեկնածու չի առաջադրելու: