Օգոստոսի 3-ին Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Գ. Ա.-ն եւ հայտնել, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 513 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության տեսուչ Սարգսյանը Հրազդան քաղաքում իր վարած ավտոմեքենան կանգնեցրել է կարմիր լույսի առկայությամբ երթեւեկելու համար, սակայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել ՃԵԿ-ի մեկ այլ խախտման համար:

Բացի այդ, հիշյալ տեսուչն իր հետ կոպիտ է խոսել ու հարվածել է թեւին: Գ. Ա.-ն նշել է, որ ինքը լրագրող է եւ նկարահանել է միջադեպը: Իսկ Ներքին անվտանգության վարչությունում պնդելով ահազանգով նշած հանգամանքները՝ Գ. Ա.-ն հավելել է, որ ՃՈ տեսուչը ներկայացրել է ոչ լրիվ լրացված արձանագրության ձեւաթուղթ, որի տակ ստորագրելուց ինքը հրաժարվել է:

Կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Սարգսյանը 2013 թ. օգոստոսի 3-ին, ժամը 10-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Հրազդան քաղաքի Սպանդարյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում, կարմիր լույսի առակայությամբ երթեւեկելու համար կանգնեցրել է քաղաքացի Գ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան՝ չունենալով տվյալ հանգամանքը հիմնավորող տեսագրություն, քաղաքացուն հստակ չի բացատրել խախտման բնույթն ու էությունը, տվել է հակասական պարզաբանումներ, դրսեւորել է ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ, կոպիտ եւ արհամարհական տոնով է խոսել քաղաքացու հետ, նրանից պահանջել է ստորագրել չլրացված արձանագրության տակ, ապա, նախապես վկայակոչած խախտման վերաբերյալ չկարողանալով որեւէ հիմնավոր փաստ ներկայացնել, արձանագրություն է կազմել ճանապարհն ազատելու վերաբերյալ իր իսկ պահանջից հետո՝ վարորդի կողմից ավտոմեքենան մայթին կայանելու համար:

Ծառայողական քննության ընթացքում ուսումնասիրվել են ՃՈ տեսուչ Ա. Սարգսյանի կողմից նշված եւ նախորդ օրերին կազմված վարչական արձանագրությունների օրինական լինելու հանագամանքները:

Պարզվել է, որ Ա. Սարգսյանը ճշգրիտ չի կատարել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, այն է՝ վարորդ Ն.Պ.-ի կողմից՝ սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության փոխարեն վերջինիս նկատմամբ արձանագրություն է կազմել մեքենայում գտնվող ուղեւորի կողմից ամրագոտին չամրակապելու համար:

Ճանապարհային ոստիկանության տեսուչ Ա. Սարգսյանը խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետի եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Ծառայողական քննության արդյունքում՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՃՈ տեսուչ Արսեն Սարգսյանին հայտարարվել է պաշտոնին անհամապատասխանության մասին, եւ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու վերցվել կադրերի ռեզերվ:

Ծառայողական քննության եզրակացությունն ուղարկվել է Ճանապարհային ոստիկանության պետին՝ քննարկելու եւ հետագայում նման խախտումները բացառելու համար: