Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելու համար դիմած անձանց թիվը հասավ 4-ի: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրը` օգոստոսի 15-ին, ԿԸՀ է դիմել եւս երեք թեկնածու: Նրանք են Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը, Կապանի ՀՀԳ ՍՊԸ տնօրեն, ինքնաառաջադրված անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը եւ մեկ այլ ինքնառաջադրված անկուսակցական Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ այդ ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել էր ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել էր այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, թեկնածու չեն առաջադրի, մինչ այժմ ոչ մի հայտարարություն չի եղել: Երեկ այդ ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար իր փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանը
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:




























