«Բազե» երիտասարդական հավաքում, այսօր՝ օգոստոսի 15-ին, հայտնի են դարձել ֆուտբոլի, լողի, շախմատի, նկարչության միջճակատային մրցույթների հաղթողները։ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է մարզված, ինտելեկտուալ եւ մշակութային պատրաստվածություն ունեցող երիտասարդների թիվը։ Նա նկատում է, որ հավաքի նախընտրական փուլերում բավականին բարդ է եղել մասնակիցների ընտրությունը, քանի որ շատ են ակտիվ ու պատրաստված երիտասարդները։

Այս օրերին հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իսկ վաղը բազեականները հյուրընկալելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

Երիտասարդների մշակութային ելույթներն ու սպորտային մրցույթները գնահատում են մարզական ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները եւ պրոֆեսիոնալ ժյուրին։ Մասնավորապես, երգի մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ժյուրիի կազմում են Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատմամբ՝ երգի մրցույթում շատ լավ, շնորհալի երգիչ-երգչուհիներ կան։ Լեյլա Սարիբեկյանը նշում է, որ առաջին հերթին գնահատում է հոգին, որ ներդնում են կատարողները ստեղծագործության մեջ։

«Իսկ եթե հոգու հետ միանում է նաեւ գեղեցիկ ձայնը, տեմբրը, ասելիքը, ապա կարող ենք ասել, որ մարդը ոչ թե պարզապես կատարում է, այլ երգում։ Ես կարեւորում եմ ճաշակով երգի ընտրությունը»,- ասել է Լեյլա Սարիբեկյանը։ Աննա Մայիլյանն էլ նկատում է, որ իր համար շատ կարեւոր է կատարողի արտաքինի, ձայնի, երաժշտականության, երգի մեկնաբանման համադրումը։ «Բազե» հավաքում, ըստ երգչուհու, կան այդպիսի երիտասարդներ։

Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից եւ սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։