Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է ՌԴ-ում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքի պատճառով 2014 թվականին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը բոյկոտելու թեմային:

Հայտարարությունում ասվում է.

«Հայկական մի շարք լրատվամիջոցներում Ռուսաստանում ընդունված «Երեխաների առողջությանն ու զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու» մասին դաշնային օրենքի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ եւ 2014 թվականին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը բոյկոտելու թեմայով հնարավոր սպեկուլյացիաներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում հայտարարել հետեւյալը.

ՌԴ-ում սահմանադրական մակարդակով արգելված է ցանկացած տեսակի խտրականություն՝ ՄԱԿ եւ մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվենցիաների դրույթների շրջանակում մեր երկրի ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Վերոնշյալ օրենքը միայն արգելում է ոչ ավանդական սեռական բարքերի պարտադրումը: Դա չի հակասում Ռուսաստանի սահմանադրությանը, ինչը ճանաչել է Սահմանադրական դատարանը՝ 2010 թվականին հաստատելով, որ ավանդական ընկալմամբ ընտանիքը, մայրությունը եւ մանկությունն այն արժեքներն են, որոնք պայմանավորում են ՌԴ բազմազգ կառուցվածքի պահպանումն ու զարգացումը»:

Հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը՝ որպես երեխաների պաշտպանութան կոնվենցիայի մասնակից, ելնում է անչափահասների շահերի լավագույն պաշտպանության սկզբունքից, իսկ ռուսական օրենսդրությունը պարտավորեցնում է պետական իշխանության մարմիններին պաշտպանել երեխաներին նրանց առողջությունը, բարոյականությունը եւ հոգեւոր զարգացումը վնաս հասցնող տեղեկատվությունից: Օրենքով արգելված վարքը ոչ մի ընդհանուր բան չունի օլիմպիական շարժման իդեալների հետ եւ չպետք է ներկայացվի որպես Օլիմիպիադային մասնակիցների եւ հյուրերի ժամանման նպատակներից մեկը:

«Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Սոչիում ողջունելու են բոլոր մարզիկներին ու հյուրերին անկախ սեռական կողմնորոշումից: Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեր հյուրերն էլ են շարժվելու օլիմպիականության գխավոր սկզբունքով՝ հարգանք ընդունող պետության օրենքների նկատմամբ:

Մեր կողմից կարող ենք հաստատել, որ ԼԳԲՏ շահերը Ռուսաստանի Սահմանադրության եւ օրենքների պաշտպանության տակ են»: