Թիվ 38 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Կապանի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը հերքում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ լարված հարաբերություններ ունենալու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Կարապետյանը նշեց, որ Մաքսիմ Հակոբյանի հետ հաշտվել-չհաշտվելու խնդիր չունի, լավ հարաբերությունների մեջ են: «Անցյալում է դա, ի՞նչ կապ ունի, որ այն ժամանակ ինքը Արթուր Աթայանին է պաշտպանել, ոչ մի նեղացվածոթյուն չկա, ընդհակառակը` ավելի լավ հարաբերություններ են»,- ասաց նախկին քաղաքապետը:

Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե եկել է Երեւան եւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանին խնդրել է հանդիպում կազմակերպել Մաքսիմ Հակոբյանի հետ: «Նման բան չի եղել, եթե պետք լինի, ես ինքս կարող եմ հանդիպել, մենք համարյա մեկ քաղաքում ենք ապրում»,- ասաց նա: Արմեն Կարապետյանը նշեց, որ այս ընտրություններին Մաքսիմ Հակոբյանը իր կողքին կանգնած է. իրեն է սատարելու,  «իր իրավունքն էր ուրիշին պաշտպանելը, քաղաքականությունը այնպիսի բան է, որ ժամանակի ընթացքում փոփոխվում է»:

Իսկ թե ինչպես է հաջողվում թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի, թե ներկա մարզպետ Վահե Հակոբյանի հետ լավ հարաբերություններ ունենալ, նա մեկնաբանեց, որ երկու մարզպետների հետ էլ աշխատել է, նրանք տեսել են իր աշխատանքը եւ գնահատել են:

Արմեն Կարապետյանը չի թերագնահատում թիվ 38 ընտրատարածքում առաջադրված անձանց եւ բոլորին էլ լավ մրցակից է համարում, «բոլորն էլ հավասար են, բոլորին էլ ճանաչում եմ»: Հարցին, թե կօգնի Պավլիկ Սարգսյանին ընտրագրավը վճարել, քանի որ նա նման խնդիր ունի, նա պատասխանեց. «Իմ հակառակորդին ես օգնե՞մ ընտրագրավը դնի, այդպես ո՞նց կարող է լինել»:

Նա նշեց, որ իր թեկնածությունը առաջադրելիս մտածել է հաղթել եւ ընտրվել, դեռ չի կարող ասել, թե քանի տոկոս ձայն կստանա, բայց կցանկանար ստանար ձայների 60 տոկոսից ավելին: «Աթայանին շատ չնչին ձայներով եմ պարտվել, ես խնդիր չունեմ, դաշտը ազատ է, բոլորն էլ կարող էին իրենց թեկնածությունը դնել, ինչքան շատ դնեն, այնքան լավ, իմ ընտրողը ինձ է ընտրելու` անկախ ամեն ինչից: Աթայանը որ իմանար, որ հաղթելու է, կդներ իր թեկնածությունը, ինքն է ցանկացել չառաջադրվել»:

Հիշեցնենք, որ  ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Կարապետյանն այս օրերին զբաղված է իր գործերը «դասավորելով»։ Այս մասին գրում է թերթը  եւ հավելում. «Բանն այն է, որ դեռեւս 2008թ. համայնքի ընտրություններում Արմեն Կարապետյանը պարտվեց դաշնակցական Արթուր Աթայանին, ում այն ժամանակ սատարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Ու այդ օրվանից «լարվել» են Մ. Հակոբյանի ու Կարապետյանի փոխհարաբերությունները։ Բայց, քանի որ հիմա՝ արդեն կանխատեսելի ընտրությունների արդյունքում Կարապետյանը պատգամավոր դառնալուց հետո մարզում աշխատելու է Մ. Հակոբյանի եւ նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, արդեն սկսել է քայլեր ձեռնարկել՝ «հարթելու» առկա լարվածությունը։ «Ժողովուրդ»–ին հասած լուրերի համաձայն, Կարապետյանն անգամ Երեւան է եկել ու հանդիպել Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Մ. Հակոբյանի հետ։

«Իհարկե, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, մի կողմ դնելով անցյալը, առանձնապես վատ վերաբերմունք չի դրսեւորել Կարապետյանի նկատմամբ վերջին շրջանում, սակայն Կարապետյանը լավ գիտի, որ, եթե հայր Հակոբյանի հետ չհաշտվի, տուժելու է...»,–գրել է «Ժողովուրդ»-ը: