Թուրքիայի արեւելքում երկաթգծի վերանորոգման աշխատանքների շրջանակում իրականացվող աշխատանքները հասել են Կարսի հատված եւ մինչեւ տարեվերջ կավարտվեն Կարսից Հայաստան ձգվող երկաթգծի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնել է Թուրքիայի երկաթգծերի վարչության Էրզրումի տարածաշրջանային վարչության պետ Յունուս Յեշլիյուրթը:

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յունուս Յեշիլյուրթը նշել է, թե Էրզրումից Կարս ձգվող երկաթգծի վերանորոգման աշխատանքներն սկսվել են մայիսին եւ արագ առաջ են գնում: Թուրք պաշտոնյան շեշտել է, թե մինչեւ տարեվերջ կավարտվեն Կարսից Աքյաքա, այսինքն, մինչեւ Հայաստանի սահման ձգվող երկաթգծի վերանորոգման աշծատանքները:

Նշենք, որ Կարսից Հայաստանի սահման ձգվող երկաթգծի վերանորոգման հետ կապված ամիսներ առաջ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Կարսից ընտրված պատգամավոր Ահմեդ Արսլանը՝ շեշտելով, թե այն դեռեւս չի ենթադրում Հայաստանի հետ սահմանի բացում, քանի որ այլ խնդիրներ կան: 

Թուրք պատգամավորը նշել  էր, թե ինքը եւս Աքյաքայի բնակիչների չափ ուզում է, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, որի արդյունքում կզարգանա փոխադարձ առեւտուրը։ «Սակայն մի իրականություն կա, որ մինչ եղբայր Ադրբեջանի «հողերը բռնազավթված են» եւ այդ խնդիրը չի լուծվել, սահմանի բացումը չի լինի։ Հայաստանի քաղաքացիները եւս Թուրքիայի քաղաքացիների պես ցանկանում են, որ սահմանը բացվի, սակայն մենք ուզում ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լավ հարաբերություններ ստեղծվեն», նշել էր թուրք պատգամավորը՝ շեշտելով, թե այդ երկաթուղուն այլընտրանք կառուցվում է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը։