Ադրբեջանի տարածքում հայտնված հայ ռազմագերի, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատները այսօր` հուլիսի 16-ին եւս հավաքվել են Կարմիր Խաչի Երեւանյան գրասենյակի մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Կարմիր Խաչից տեղեկացրել են, որ այսօրվա դրությամբ բանակցություններ են տարվում Հակոբի հետ հանդիպման օրը որոշելու շուրջ: Հարազատները շարունակում են մնալ Կարմիր Խաչի Երեւանյան գրասենյակի մոտ՝ հույս ունենալով, որ մի լավ նորություն կտանեն տուն: Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նախօրեին հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ եւ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպում էին պահանջում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել էր, երբ գնացել էր ջուր բերելու:





























