ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել են Տավուշի մարզի Այգեպար գյուղ, որից հետո ինտենսիվ կրակոցները դադարեցվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նա տեղեկացրեց, որ առաքելությունն այցելել է օգոստոսի 14-ին ու դրանից հետո կրակոցները դադարեցվել են, բայց իրենք զգուշավորությունը պահպանում են:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն էլ ասաց, որ իրենց գյուղ դիտորդները թեեւ պետք է այցելեին, բայց չեն գնացել: Սակայն ինտենսիվ կրակոցները դադարել են: Հարցին, թե ինչով է պայմանավորում կրակոցների դադարեցումը, գյուղապետը ասաց. «Արդեն իրենցից չէինք էլ վախենում: Անգամ գնացել, կանգնել եմ սահմանին ու թքել նրանց ճակատին: Իրենք էլ գիտեն, որ իրենց ճակատին թքելը ամոթ է եւ էլ չեն կրակում: Այլեւս հնարավոր չէր տանը նստել: Իսկ զգուշավորությունը մեր գյուղում անիմաստ է, որովհետեւ յուրաքանչյուր տնից դուրս եկած մարդ սահմանին է: Իրենց պոստերը 200-300 մետր է հեռու»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե սովորաբար հրադադարը, որքան ժամանակ է տեւում ասաց, որ չի կարող ասել, քանի որ ադրբեջանցիների կրակոցները եղանակի նման անկանխատեսելի են:





























