Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ ՊՆ գույքային հարաբերությունների բաժնի նախկին ղեկավար Եկատերինա Վասիլեւան նոր խարդախություն կատարելու մեջ են բռնվել։
Պարզվել է, որ նրանք անտառային տարածքներ են վարձակալությամբ հանձնել «Եվրոցեմենտ գրուպ» ընկերությանը՝ օգտակար հանածոներ արդյունահանելու համար։ Նրանց ապօրինի գործողությունների վնասն ավելի քան 700 մլն ռուբլի է կազմել (մոտ 25 000 000 դոլար), գրում է «Կոմերսանտը»։
Զինդատախազությունը պարզել է, որ 1993թ. փետրվարին Ռուսաստանի Բրյանսկի շրջանի ղեկավարությունը ռազմական գերատեսչությանը անժամկետ օգտագործման է հանձնել 473 հա մակերեսով անտառահատված, որը զրահատեխնիկայի զորավարժարան է ծառայել։
Սակայն շուտով տարածքը լքվել է եւ հետաքրքրել «Մալցովսկի պորտլանդցեմենտ» ՓԲԸ-ի ղեկավարներին։ Իսկ 2011թ. մայիսին այն ժամանակվա պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրամանով տարածքի մի մասը վարձակալությամբ տրվել է վերոնշված ընկերությանը, այն դեպքում, երբ ռազմական գերատեսչությունը հողատարածքներն ինքնուրույն տնօրինելու լիազորություն չունի։
Ավելի ուշ «Մալցովսկի պորտլանդցեմենտ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Մալցովսկոյե կարյերուպրավլենիեն» անտառամշակման եւ հատման իրավունք էր ստացել։
Թերթի տվյալով՝ արեւմտյան ռազմական օկրուգի դատախազությունը դիմել էր Բրյանսկի միջնորդ դատարան՝ «Մալցովսկոյե կարյերուպրավլենիեին» եւ պաշտպանության նախարարությանն ուղղված հայցով՝ խնդրելով վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել եւ լուծել այն, նաեւ՝ փոխհատուցել տվյալ գործարքի զոհերի կրած վնասը։
Դատախազությունը գլխավոր զինդատախազություն է ուղարկել ստուգման արդյունքները՝ պարզելու, թե կան արդյոք հանցավորության նշաններ ռազմական գերատեսչության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործողություններում։


























