Կոմիտաս 5 հասցեում այս պահին փորձում են վերսկսել 10 հարկանի շենքի շինարարությունը: Տարածքում գտնվում են մեծաթիվ ոստիկաններ, ժամանել է հատուկ ոստիկանական ջոկատը, բնակիչներ, ակտիվիստներ, լրագրողներ: Դեպքի վայրում գտնվող կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մոտ 40-50 րոպե առաջ ոստիկանները բռնի ուժով տեղափոխել են պիկետի կանգնած տարածքի կին բնակիչներին եւ շինարարական տեխնիկա մտցրել դարպասից ներս, այնուհետեւ կանգնեցրել են կարմիր բերետավորների, որ մարդիկ չմտնեն ներս: Տարածքում պատրաստվում են կառուցել 10 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Տիգրան Խզմալյանն ասաց, որ մարդկանց են քաշքշել եւ այժմ էլ այնտեղ կարելի է տեսնել տարեց կանանց` կեղտոտ հագուստով: «Մոտ 10 օր առաջ էկսկավատոր են մտցրել, այսօր մտցրել են բուլդոզերներ եւ կամազներ, որպեսզի խորացնեն փոսը: Մենք այժմ այստեղ ենք, պաշտպանում ենք բնակիչներին, որ ոտնձգություն չանեն: Երեք բազմաբնակարան շենքերի բնակիչները թույլ չեն տալիս շինարարություն անել, դա անօրինական է, այստեղ փակցված «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառի վրա նրանք գրել են «Չենք թողնի անօրինական շենքով փակել մեր արեւը»,- փոխանցեց կինոռեժիսորը:
Հիշեցնենք, որ բնակիչները համաձայն չեն իրենց բակի տարածքի հաշվին կատարվող այդ շինարարության հետ և մի քանի օր առաջ պիկետի միջոցով դադարեցրել էին այն:





























