Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը բենզալցակայանում տեղի ունեցած ծեծի արդյունքում լուրջ վնասվածքներ չի ստացել, հիվանդանոց չի դիմել, այժմ էլ իրեն լավ է զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 17-ամյա Մանուկ Նիգոյանը:
Նա շեշտեց, որ նման դեպքը լուրջ մտորելու տեղիք է տալիս, եւ ինքը ոչ այնքան ցավերից է վիրավորված, որքան իր նկատմամբ վերաբերմունքից` «լկտի, զզվելի եւ ամբողջ ընթացքում վեճը ծիծաղով էր համեմված»: Նա պատմեց, որ ինչպես ամեն օր, դեպքի օրը եւս աշխատանքի էր գնում, երբ բենզալցակայանի կողքին մի մեքենա եկավ, կանգնեց, վարորդը եւ ուղեւորը իջան ու սկսեցին իրեն հարվածել, քաշքշել, հայհոյել` «երիտասարդական ոչ կոռեկտ բառապաշարով, լկտի պահվածքով»: «Այնպես չէ, որ ես ինձ շատ համեստ եմ պահել, ես իմ բնույթով համեստ մարդ չեմ, ստացել է այնքան պատասխան, ինչքան ինձ տվել է հայհոյանքներ, չեմ հայհոյել, ես էլ իրեն եմ քաշքշել, վերջիվերջո ես էլ եմ տղա, այնպես որ չէի կարող տակ մնալ»,- պատմեց երիտասարդը: Նա չէր ճանաչում իրեն հարվածող երիտասարդին, «19-20 տարեկան, սովորական արտաքինով, միջահասակ երիտասարդներ էին, առաջին հայացքից` շատ նորմալ»:
Նա կարծում է, որ այս միջադեպը պատահականություն չէ, այլապես եթե պատահականություն լիներ, գոնե նման դեպքերում մարդիկ ներողություն են խնդրում: Մանուկ Նիգոյանն ասաց, որ արդեն իրավաբաններ ունի, որոնք զբաղվում են այս միջադեպով, ինքը չի միջամտում, նրանք կորոշեն երբ եւ ինչ անել: Բայց միության նախագահը հետեւողական է լինելու, որ իրեն ծեծի ենթարկողները պատժվեն: «Ես հետեւողական եմ լինելու, իսկ թե ինչքանով հետեւողական կլինի ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանությունը, դա արդեն իրենք պետք է անեն, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իրենք հետեւողական չեն եղել: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե այս դեպքից հետո չեմ գնա աշխատանքի, դուրս չեմ գա, այդ բոլոր մարդկանց ի պատասխան` ես հենց հիմա պատրաստվում եմ դուրս գալ տնից, գնալ աշխատանքի նույն փողոցով, այնպես որ ոչ մի վախենալու առիթ ու պատճառ չունեմ»,- ասաց ծեծի ենթարկված երիտասարդը:
Նա նշեց, որ նախորդ տարի` 2012 վերջերին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով իր ծավալած գործունեության պատճառով իրեն սպառնալիքներ են եղել, սակայն ինքը լուրջ չի վերաբերել: «Չեմ ուզում հավատալ, որ սա դիտավորություն է, քանի որ մի քիչ շատ ուժեղ հարված կլինի սա ինձ համար: Մարդիկ ափսոսում են, որ չեն եղել ինձ ծեծողների խմբում: Եթե ես «Ազատ գոտի»-ում ինձ պահել եմ, ագրեսիվ, ես հասարակությունից ներողություն եմ խնդրում, բայց ես պայքարել եմ ձեր համար, ձեր մայրերի, քույրերի, կանանց համար, որ իրենք չկարդան քֆուրներով, հայհոյանքներով գրականություն, այդ ամենը իմ համար չեմ արել: Սպառնալիքները կապված են նրա հետ, որ ես որոշ գրողների իրենց տեղն եմ ցույց տվել, ասել եմ, որ իրենք գրող չեն, իրենց տեղում չեն»,- մեկնաբանեց միության նախագահը:
Հիշեցնենք, որ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջեւ օգոստոսի 15-ին Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարեւանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը:
Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ բենզալցակայանի առջեւ սեւ «Լադա» մակնիշի ավտոմեքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս: Մանուկ Նիգոյանը պահանջել է վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրմշտոց հրահրել, արդյունքում այն վերածվել է ծեծկռտուքի, որին միացել է նաեւ մեքենայի ուղեւորը, վեճը հարթվել է բենզալցակայանի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի:



























