Բաղրամյան գյուղի ջրանցքում խեղդված Մռազ Սմոյանն ընտանիքի միակ տղան էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղրամյանի գյուղապետ Բաբկեն Շահբազյանը: Նա փոխանցեց, որ Մռազն իրենից փոքր քույր ունի:
«Մռազի հետ էլի երեխաներ են եղել, երկար լողացել են, փորձել է օգնել, բայց տեսնելով, որ չի ստացվում եկան մեզ ասացին եւ դիմեցինք ԱԻՆ: Ծնողներին ուշ ասացինք, հիմա ամբողջ գյուղը գնացել է նրանց տուն եւ փորձում են հանգստացնել»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ:
Հարցին, թե նման դեպք նախկինում էլի եղե՞լ է, նա հիշեց, որ տարիներ առաջ էլ մի 17-ամյա տղա էր խեղդվել հարեւան գյուղից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ջրանցքը երեխա է ընկել (ծնվ. 1998թ.-ին): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայրում գտնվող Երեւանից ժամանած ջրասուզակներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ժամը 15.00-ից որոնում էին տղային:
Նա նշել էր, որ խնդիրն այն է, որ այստեղ ջուրը շատ բարձր է, այժմ ջրի հունը փակել են, որ մի քիչ ցամաքի, տարածքում տեսանելիություն լինի, որ կարողանան գտնել: Մեզ տեղեկացրել էին նաեւ, որ ջրանցքն ընկած երեխան Բաղրամյան գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 12-ամյա Մռազ Սմոյանն է: Նրա հագուստը փրկարարները գտել են կողքը դրած, ինչը թույլ է տալիս կարծել, որ երեխայի ոտքը չի սայթաքել, նա ցանկացել է լողալ, խեղդվել է: Ավելի ուշ տղային գտել էին Նորակերտ համայնքի տարածքում՝ խեղդված վիճակում:




























