Մերձմոսկավյան Դուբնայում հայտնի ֆիզիկոս Վլադիմիր Կադիշեւսկուն կողոպտել են իր սեփական տանը։ Ոստիկանության տվյալով՝ Կադիշեւսկին կողոպուտի մասին ահազանգել է օգոստոսի 16-ին։

Նա հայտնել է, որ առավոտյան  երկրորդ հարկի պատուհանից իր տուն է ներխուժել անհայտ անձը, որը կապել է իրեն, գողացել ունեցվածքը եւ հեռացել։ Ոստիկանությունը որոնում է հանցագործին։ Վնասի չափը ճշտվում է, հայտնում է utro.ru-ն։

Վլադիմիր Կադիշեւսկին  Life News-ին պատմել է, որ ավազակն իրեն կապել է փողկապով։ Գողի մոտ դանակ է եղել, ուստի ինքը ստիպված է եղել պաշտպանվել։ Ֆիզիկոսի ձեռքի տակ եղել է արդուկը, որով նա հարվածել է գողի գլխին։ Սակայն դա էլ հանցագործին չի կանգնեցրել, նա գիտնականին կապել է նրա իսկ փողկապներով, հափշտակել արժեքավոր իրերը եւ փախել։

«Արդյունքում նրան բաժին է հասել բավական մեծ գումար, որը ես հիմարաբար տանն էի պահում», - պատմել է գիտնականը։
Հարձակումից հետո Վլադիմիր Գեորգեւիչին բուժօգնություն է հարկավոր եղել։ Ակադեմիկոսին տեղափոխել են հիվանդանոց։ Նա  ուղեղի ցնցում է ստացել, մարմնին կանկապտուկներ եւ քերծվածքներ կան։

Վլադիմիր Կադիշեւսկին   ակադեմիկոս է, ֆիզիկոս-տեսաբան, ՌԳԱ նախագահության, Բուլղարիայի ԳԱ անդամ, Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ղեկավարում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, արժանացել է տարբեր մեդալների ու շքանշանների։