Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրած, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանը վստահ է իր հաղթանակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Հայրապետյանը:
«Վարիանտ չկա, պիտի ես ստեղ հաղթեմ անպայման»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ից առաջադրված Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին կարողանալու եք հաղթել, նա պատասխանեց. «Հա բա ի՞նչ պետք է անեմ, Րաֆֆին ստեղ քաղաքում հաղթանակել է, ես էլ իր համակարգողն էի, նույն ձայները մնալու է, մի բան էլ ավել, որպես ազատամարտիկ էլ այդ ձայներին գումարած»: Նա նշեց, որ հիմնական մրցակիցը Արմեն Կարապետյանն է, «էլ ուրիշ մարդ չկա էնտեղ»:
Սամվել Հայրապետյանը տեղեկացրեց, որ շուտով գալու է Երեւան, մամուլի ասուլիսի է հրավիրելու, հանդիպի բոլոր լրագրողներին եւ պատասխանի հարցերին:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն:
Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը` առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից:
Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչեւ ս.թ. օգոստոսի 25-ը:





























