Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր հայտարարությամբ ցանկանում է մի քանի միտք արտահայտել. որ Ղարաբաղը Ադրբեջանն է, որ թուրքական աշխարհը շատ հզոր է եւ որ ոչ ոք չպետք է հույսը կորցնի, քանի որ առջեւում դրված նպատակներին հասնելու են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Թուրքալեզու երկրների համագործակցության խորհդրի գագաթնաժողովը հետագայում Ղարաբաղում անցկացնելու՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ցանկությանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, թուրքական եւ ադրբեջանական լեզվամտածողության մեջ սովորություն կա իրականությունը արտահայտել «քաղցր» կամ այլաբանական արտահայտություններով: «Լեզվամտածողության նշված տեսակը անընդունելի է Արեւմուտքի համար, միաժամանակ Արեւելքում այն իրա իմաստավորված ձեւն ունի»,-նշել է առաջին օմբուդսմենը, ընդգծելով, որ թուրք նախագահի խոսքերը հարիր չեն քաղաքական գործչին:
Երբեմն Թուրքիան, Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, հարկադրված է զսպել Ադրբեջանի շտապողականությունը, քանի որ Թուրքիան հասկանում է, որ կան այնպիսի կոնֆլիկտներ, որոնց արագ լուծումը կարող է հանգեցնել նոր ու ավելի մեծ վտանգների: «Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում «տաք» գոտիների մեծ քանակությունը՝ իրենց բոլոր անկանխատեսելի գործընթացնելով, թուրքական կողմը, անկասկած, շահագրգռված չէ բազմաթիվ խնդիրներով եւս մեկ հարցի վերաբացման մեջ»:
Հիշեցնենք, որ Գաբալայում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Գյուլը ցանկություն էր հայտնել հետագայում կազմակերպության գագաթնաժողովն անցկացնել Լեռնային Ղարաբաղում:





























