Բանդայի գործով ամբաստանյալ 20-ամյա Քյարամ Ամոյանինը հերթական ինսուլտն է տարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա մայրը` Կարինե Ամոյանը: Նրա Խոսքով, Քյարամը դեռ գիտակցության չի եկել եւ վերակենդանացման բաժանմունքում է: « Ինչ ես ու իմ տղան ենք տեսնում, թող իրական մեղավորներն էլ տեսնեն, որ հասկանան, թե ինչ է նշանակում սեփական հանցանքը ուրիշի վրա բարդելը»,- ավելացրեց Քյարամի մայրը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քրեակատարողական վարչության  մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը ասել էր, որ օգոստոսի 17-ին գիշերը 2.00-ի սահմաններում Քյարամ Ամոյանի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո շտապօգնություն են կանչել եւ նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ  նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել էր, ճնշումը կտրուկ բարձրացել էր, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված էր ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի: «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին, տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը:

Նշենք նաեւ, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել: