Աբովյանի ծննդատանը նորածին երեխային սպանած 27-ամյա կնոջը կկալանավորեն: Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը` նրան 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առկա չէ համոզվածություն, վստահություն, որ առանց ռեալ պատիժ նշանակելու հնարավոր է այդ կնոջ ուղղվելը, եւ դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Աբովյանի ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Նրանք դեպքի մասին ահազանգել են Ոստիկանության Աբովյանի բաժնի, որտեղ կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Ըստ այդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նորածնին սպանելու մեջ կասկածվող 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Իսկ դատարանը որոշել է Վ. Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկման` 2 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ ՔԿՀ համապատասխան հիմնարկում: Նորածնին սպանելու մեջ մեղավոր ճանաչված կինը դիմել էր Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան` խնդրելով փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` իրեն 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը, նշանակված պատժաչափը մեղմացնել` պայմանականորեն չկիրառել պատիժը եւ սահմանել ՀՀ քր.օր. 70 հոդ. նախատեսված փորձաշրջան:




























