Նախագահ Սերժ Սարգսյանն, օգոստոսի 17-ին Ծաղկաձորում «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը մասնակցելուց առաջ պատասխանել է երիտասարդների հարցերին:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետեւյալն է՝ մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել եւ վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է»:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաեւ մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար եւ ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա: