Զինված հանցագործները թալանել են չինացի զբոսաշրջիկների ավտոբուսը, որն ուղեւորվում էր դեպի Օդեսայի «Սեդմոյ Կիլոմետր» շուկա: Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով դատախազության աղբյուրը, չինացիները հափշտակումը գնահատել են մեկ միլիոն ամերիկյան դոլար եւ 5 միլիոն գրիվնա:
Կողոպուտը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, գիշերը ժամը 1-ի սահմաններում Օդեսայի մարզի Կոմինտերնի շրջանի Կոշարի գյուղի հարեւանությամբ: Նիկոլաեւից Օդեսա մեկնող ավտոբուսի ճանապարհին չարագործները փշալարեր էին դրել: Երբ ավտոբուսը անվադողերի ծակվելու պատճառով կանգ է առել, ինքնաձիգերով զինված դիմակավոր երկու ավազակներ ներխուժել են ավտոբուսի սրահ: Նրանք ուղեւորներից խլել են թանկարժեք իրերը, իսկ նրանց երորդ հանցակիցը այդ ընթացքում դատարկել է ուղեբեռների բաժինը: Հետո հանցագործները մեքենայով դիմել են փախուստի:
Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի մարզային վարչության մամուլի ծառայությունում հանցանքի փաստը հաստատել են, սակայն վնասի չափը չեն հայտնել: Կատարվածի առթիվ, կազմակերպված խմբավորման կողմից խոշոր չափերի նյութական ունեցվածքի տիրանալուն ուղղված ավազակային հարձակման մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն, հանցագործներին սպառնում է 8-ից 15 տարվա ազատազրկում` ունեցվածքի բռնագրավմամբ:



























