Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է Եգիպտոսի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականցված ցեղասպանության փաստը ճանաչելու մտադրության մասին:
«ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչները կստորագրեն փաստաթուղթ, որով կճանաչեն թուրք զինվորականների կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որին մեկ միլիոն մարդ է զոհ գնացել»,- Twitter-ի իր էջում գրել է Մանսուրը:
Ավելի վաղ Եգիպտոսը չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ «Բարեկամական ծով» անվանումով զորավարժությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 21-28-ին: Եգիպտոսի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ պլանային զորավարժությունների չեղյալ հայտարարելը կապված է Թուրքիայի թշնամական հայտարարությունների ու գործողությունների հետ:
Եգիպտոսում նախագահ Մուրսիի տապալումից հետո Թուրքիան սկսել է շատ խիստ քննադատության ենթարկել Եգիպտոսի ժամանակավոր իշխանություններին: Թուրքիան հայտարարել է, որ Եգիպտոսում ուժայինները իսկական «ջարդ» են իրականացրել երկրում: Կահիրեն, իր հերթին, մեղադրում է Անկարային Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին, երկու երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին:





























