«Մահմեդական եղբայրներ» շարժման 36 հետեւորդ է զոհվել` Կահիրեի մերձակայքի բանտից փախչելու փորձի ժամանակ:
Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի` միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի երեկոյան` Կահիրեի բանտերից մեկը բանտարկյալների տեղափոխման ժամանակ: Բանտարկյալները փորձել են ընդվզել, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է Al Jazeera-ն:
Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» հետեւորդները մի ոստիկան են պատանդ վերցրել: Օգնության վրա հասած ոստիկանները կրակել են բանտարկյալների վրա:
Ըստ Agence France-Presse-ի` միջադեպն այլ սցենարով է տեղի ունեցել. մի խումբ մարդիկ փորձել են ազատել բանտարկյալ «Մահմեդական եղբայրներին»` նրանց Կահիրեի Աբու Զաաբալ բանտ տեղափոխելու ժամանակ: Ոստիկանությունն ացունքաբեր գազ է կիրառել հարձակվողների եւ ընդվզած բանտարկյալների նկատմամբ: Զոհվել է 36 մարդ:
RT–ն, վկայակոչելով Եգիպտոսի տեղեկատվական MENA գործակալությունը, հայտնում է, որ օգոստոսի 17-ին Եգիպտոսում անկարգությունների հետեւանքով զոհվել է 79 մարդ, 549-ը վիրավորվել են:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ օգոստոսի18-ին իսլամիստները չեղյալ էին հայտարարել նախատեսված բոլոր ցույցերը` անվտանգության նկատառումներից ելնելով:





























