Ղրղըզստանի հարավային Կարա Սուու քաղաքում տեղական խորհրդի ընտրությունների ձայների հաշվարկն ավարտվել է դանակահարությամբ եւ կրակոցներով, հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:
«Օնոգուու» եւ «Մեկեն ընտիմագի» քաղաքական կուսակցությունների դիտորդների միջեւ տարաձայնություն է ծագել օգոստոսի 19-ի գիշերը` Կարա Սուուի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկի ժամանակ: Վեճն սկսվել է, երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամին մեղադրել են քվեաթերթիկների լցոնման մեջ, հայտնում է «Ազատտիկ» (Ազատություն) ռադիոն:
Վեճի ժամանակ մի մարդու դանակահարել են թիկունքից, երկուսն էլ հրազենային վնասվածք են ստացել: Վիրավորների վիճակը բավարար է:
«Քաբարը» հայտնում է, որ օգոստոսի 18-ին №5266 ընտրատեղամասում ՂՍԴԿ-ի եւ «Օնուգուու» կուսակցությունների անդամների միջեւ բախում է տեղի ունեցել: Տրավմատիկ ատրճանակից վերք է ստացել «Մեկեն ընտիմագի»-ի ներկայացուցիչ Ի. Կարիմովը, դանակահարվել է ՂՍԴԿ-ի ներկայացուցիչ Մ. Ռայիմբեկովը: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ «24kg»-ի` այդ գործին խառն են եւս երկու մասնակից: Ջալալաբադի հիվանդանոցում հրազենային վնասվածքով գտնվող 26-ամյա Նուրմուհամեդ Կարագուլովը ձերբակալված է: Ձերբակալվել է նաեւ միջադեպի մյուս մասնակից, Ուզգեն քաղաքի բնակիչ 24-ամյա Էրմեկ Կոնոկվը, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ:





























