Չեմ կարծում, թե Ռուսաստանի նախագահի այցն Ադրբեջան մեծ ուշադրության արժանացած լինի ԱՄՆ-ում: Տարածաշրջանի իրադրությանը ծանոթ մարդիկ այդ այցի մեջ ոչ մի արտասովոր բան չեն տեսնում: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը:

«Ադրբեջանի որոշ պաշտոնատար անձինք ասում են ինձ, որ Բաքուն պետք է զգոն լինի, քանի որ ադրբեջանական ընդդիմությանն աջակցում է Մոսկվան: Ինձ նման խոսակցություններն անլուրջ են թվում:  Պուտինի այցը Ադրբեջանի ներքին գործերի հետ կապ չուներ եւ զուտ տնտեսական հարցերով էր պայմանավորված», - ասել է Կոզլարիչը:

Նախկին դեսպանը նաեւ նշել է, որ Օբամայի աշխատակազմից որոշ քաղաքական գործիչներ  անհանգստացած են, որ Ադրբեջանում կարող են եւս մեկ ոչ ժողովրդավարական ընտրություններ կայանալ: «Կարծում եմ` ԱՄՆ-ն պետք է առավել ակտիվ լինի  ոչ միայն արդար ընտրությունների անցկացման, այլեւ հավատացյալների խոսքի եւ իրավունքների ազատության ապահովման հարցում: Ես` որպես կողքից դիտող, կարող եմ ասել, որ Ադրբեջանում բացասական գործընթացներ են դիտվում, եւ իրականում վիճակը տագնապալի է», - նշել է Կոզլարիչը:

Դեսպանը նաեւ հաելել է, որ երկրի իշխանությունները սխալ պատկերացում ունեն` կարծելով, թե այսօր Ադրբեջանն Արեւմուտքին ավելի է անհրաժեշտ, քան Արեւմուտքն Ադրբեջանին:  «Վերջին քսան տարիների ընթացքում Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերություններն արմատապես փոխվել են:  ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից, այդ պատճառով էլ  Ադրբեջանի կարեւորությունը` որպես ՆԱՏՕ-ին աջակցող երկիր,  նվազում է:  Երկրորդ, էներգապաշարների նկատմամբ Եվրոպայի պահանջներն այլեւս չեն աճում: Եվրոպայում անընդմեջ տեղական գազի օգտագործման գործընթացներ են տեղի ունենում:  Այդ առումով Ադրբեջանի կարեւորությունն այնքան էլ բարձր չէ, ինչքան որ նախկինում: Ընդհանուր առմամբ, եթե համեմատենք իրավիճակն այսօր եւ հինգ տարի առաջ,  ապա կարելի է վստահորեն ասել, որ Արեւմուտքի համար Ադրբեջանի նշանակությունը նվազել է:  ԱՄՆ-ն այսօր ուրիշ գերակայություններ ունի», - ասել է Կոզլարիչը: