Ռուսաստանի ՔԿ-ի Գլխավոր ռազմական քննչական վարչությունը մերժել է պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի եւ ռազմական գերատեսչության կրթության բաժնի նախկին տնօրեն Եկատերինա Պրիեզժեւայի  նկատմամբ քրեական գործ հարուցել: Դատախազները նրանց գործողություններում հանցագործության  հանցանշաններ են հայտնաբերել, իսկ քննությունն էլ կարծում է, որ հանցանք ընդհանրապես չի եղել, հայտնում է «Կոմերսանտը»:

Եկատերինա Պրիեզժեւայի գործունեության ստուգման ընթացքում խոշոր խարդախություն է հայտնաբերվել: Ստուգման ընթացքում հաստատվել է, որ Եկատերինա Պրիեզժեւան  իր ենթականերին հանձնարարել էր մրցութային թղթաբանություն կազմակերպել`  «Իսկու ինտերիեր Մ»-ի տնօրեն, իր ընկերուհի Ալլա Վիկստրեմի մասնակցությամբ, որպեսզի պատվիրատու Պաշտպանության նախարարության կարիքները բավարարեր միայն այդ ընկերությունը: Մնացած ընկերություններին մրցութային հանձնաժողովը մրցույթին չէր թույլատրել մասնակցել:

Կոմերսանտները դիմել էին Դաշնային հակամենաշնորհային ծառայություն, որը ՊՆ-ի գործողություններն անօրինական էր ճանաչել: Արդյունքում 2012թ. օգոստոսին աճուրդի հաղթող էր ճանաչվել «Դիկոն»-ը: Սակայն  «Դիկոն»-ի ղեկավարության հետ պետական պայմանագիր ՊՆ-ն այդպես էլ չէր ստորագրել: Կահույքը Կրասնոդար հասցրել էր «Իսկու Ինտերիեր Մ-ն», ընդ որում, ինչպես այժմ պարզվում է, «Իսկու»-ին ռազմական գերատեսչությունը «Դիկոն»-ին վճարելիք գումարից գրեթե 40 մլն ռուբլի ավելի է վճարել:

ՊՆ-ի պաշտոնյաների եւ տիկին Վիկստրեմի ա յս բոլոր գործողություններում քննիչները հանցակազմ չեն գտել: Քրեական գործ հարուցելու համապատասխան մերժումն արդեն ուղարկվել է Գլխավոր զինդատախազություն: Վերահսկիչ գերատեսչությունը մտադիր է բողոքարկել այն: